Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան հարուստ էր ոչ միայն ստորագրված փաստաթղթերով, որ ընդլայնում են երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը, այլև տարածաշրջանում աշխարհաքաղաքական ողնաշարի կառուցմամբ, որ տեսանելի ապագայում կարող է մեծ ներգործություն ունենալ իրադարձությունների հետագա ընթացքի վրա:
Իհարկե, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար Սև ծովը Պարսից ծոցին կապող միջանցք դառնալու հեռանկարը տնտեսական զարգացման ու ներդրումների ներգրավման լուրջ հեռանկար է: Իրանի համար Հայաստանով ու Վրաստանով Սև ծով ու Եվրոպա ելքը, որ կարող է ունենալ և Ադրբեջանով, առանցքային նշանակության իրադարձություն է: Խոսքը միայն էկոնոմիկայի մասին չէ, թեպետ նաև էկոնոմիկայի մասին է՝ Իրանը Հայաստանի հետ իրականացնում է համատեղ տարբեր նախագծեր՝ դրսևորելով ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու մտադրություն, Իրանն ուղղակի դուրս է գալիս մի երկիր, որ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ է: Բայց գլխավորը դա չէ: Երևանում Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարևոր հայտարարություն արեց. «Հայաստանի Հանրապետությունը մենք համարում ենք բարեկամ երկիր և ցանկանում ենք մեր երկկողմ հարաբերությունները առավել ջերմ դարձնել ու զարգացնել: Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակույթին ու քաղաքակրթությանը: Երկու երկրների հարաբերությունները միշտ ջերմ ու բարեկամական են եղել»: Իրանի և Հայաստանի միևնույն մշակույթին ու քաղաքակրթության պատկանելության թեզիսը հատուկ նշանակություն ունի: Իրանցի պատմաբանները կասկածներ չունեն, որ պարսիկներն ու հայերը դարերով, եթե ոչ հազարամյակներով, ապրել են կողք կողքի ու մեծ մասամբ գտել են փոխըմբռնումի ու համագործակցության ռացիոնալ լուծումներ: Եղել է, որ հայերին Պարսից կայսրությունում վերաբնակեցրել են ուրիշ շրջաններում կամ ստրկության են քշել, բայց սպանդ, ինչպես Օսմանյան կայսրությունում, չի եղել:
Մինչև XIX դարի սկիզբը ներկա Հայաստանի, ինչպես և Ադրբեջանի, տարածքը Պարսից կայսրության կազմում էր: Ռուս-պարսկական երկու պատերազմներից հետո XIX դարասկզբին անդրկովկասյան խանությունները միացվեցին Ռուսաստանին՝ իբրև Պարսից կայսրության նախկին տարածքներ, ոչ թե ադրբեջանական կամ հայկական: Սակայն Բաքուն, 1991-ից անկախանալուց հետո, պետական վարդապետության մակարդակով հայտարարում է, որ «հայերը ոչ թե ավտոխտոններ են, այլ ալոխտոններ Կովկասում, այսինքն՝ այդ տարածաշրջանում եկվոր էթնոս են»: Թեհրանը հրաժարվեց Բաքվի հետ գործակցությունից իսլամական համերաշխության հիմքի վրա և չմիացավ Հայաստանի շրջափակմանը: Այս առումով շրջանառվում է գաղափարը, որ Թեհրանը, ակտիվացնելով իր քաղաքականությունը Անդրկովկասում, միջուկային համաձայնագրից հետո, սկսել է հակակշիռ կառուցել Ադրբեջան-Իսրայել, Ադրբեջան-Թուրքիա, և ընդհանրապես՝ Ադրբեջան-Արևմուտք ալյանսներին: Բայց եթե Թուրքիային հանենք, Հայաստանն էլ գործակցում է իր արևմտյան գործընկերների հետ, իսկ Իսրայելի հետ հարաբերությունները թշնամանքի նախադրյալներ չունեն: Հայ փորձագետները համաձայն են, որ Երևանն ու Թել Ավիվը կարող էին բարեկամանալ, գլխավոր խոչընդոտը ոչ թե հայ-իրանական, այլ հայ-թուրքական և նույնիսկ հայ-ադրբեջանական հարաբերություններն են:
Թեհրանը գիտի, որ Հայաստանը երբեք իր դեմ Արևմուտքի ագրեսիվ գործողությունների պլացդարմ չի դառնա, մինչդեռ Ադրբեջանի հարցում ունի կասկածներ ու տագնապներ: Տարածաշրջանում ստեղծվում են հետաքրքիր «եռանկյուններ»: Դեռ վերջերս որոշ ռուս և բոլոր ադրբեջանցի փորձագետները Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների սամմիթից հետո, որտեղ քննարկվում էին հիմնականում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման հարցերը, հաճույքով գրում էին, որ ստեղծվել է Ռուսաստան-Ադրբեջան-Իրան աշխարհաքաղաքական եռանկյուն, որը «զրկում է Հայաստանին իր համար շատ կարևոր երկու ռազմավարական դաշնակիցների աջակցությունից»՝ Ռուսաստանի ու Իրանի: Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նորմալացումից հետո սկսեցին խոսել «Մոսկվա-Բաքու-Անկարա գործակցության շղթայի մասին»: Բայց սիրիական ուղղությունը որոշակիացրեց այլ դասավորություն՝ Մոսկվա-Անկարա-Թեհրան: Իսկ նախագահ Հասան Ռոհանիի Երևան այցից հետո ձևավորվում է Թեհրան-Երևան-Մոսկվա ալյանս: Գլխավոր եզրակացությունը՝ Անդրկովկասում Ռուսաստանից հետո ևս մեկ գլխավոր խաղացողի դերում այլևս ոչ թե Թուրքիան է հանդես գալիս, այլ՝ Իրանը, իսկ Ադրբեջանի նշանակությունը Ռուսաստանի ու Իրանի համար գործնականում հավասարվում է Հայաստանին: Ավելին՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման առումով Մոսկվան ու Թեհրանն ունեն հավասարահեռության դիրքորոշում, մինչդեռ Անկարան ամբողջությամբ աջակցում է Բաքվին: Ռուսաստանն ու Իրանը աշխարհաքաղաքական վերելքի մեջ են, Թուրքիան՝ վայրէջքի:
Մոսկվան ու Թեհրանը խաղը վարում են իրենց մերձավոր արտերկրում, Անկարան՝ պատմականորեն օտար դաշտում: Այսպիսին է տարածաշրջանում ուժերի ներկա պարադոքսալ հավասարակշռությունը՝ շիական Իրանը ռազմավարական հարաբերություններ է կառուցում քրիստոնյա Հայաստանի հետ, շիական Ադրբեջանը ռազմավարական ալյանս է կառուցում սուննի Թուրքիայի հետ: Բաքուն ազդարարում է «Մեծ Ադրբեջանի» ստեղծման նախագիծը՝ նկատի ունենալով հյուսիսային ու հարավային ուղղությունները, հետևաբար, հավանական է, որ Թեհրանը կարող է ներկա Ադրբեջանի հետ համադաշնություն ստեղծել: Իսկ Անկարան ու Բաքուն նման հեռանկար չունեն: Մոսկվան ակտիվորեն համագործակցում է, հաճախ մարտավարական նկատառումներով, և Իրանի, և Թուրքիայի հետ, ռազմաքաղաքական ու տնտեսական դաշինքի մեջ է Հայաստանի հետ: Արդյունքում հեռանկարներ են ստեղծվում տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման ռուսական նախկին նախաձեռնության իրականացման համար «3+1» (Անդրկովկաս + Ռուսաստան) բանաձևով, բայց այսօր այդ սխեմային կարող է միանալ և Իրանը: Իսկ Թուրքիան կարող է հայտնվել բանակցությունների այդ սեղանի շուրջ միայն Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումից հետո և ինչպես գրում է թուրքական Daily Sabah-ը, այն դեպքում, եթե «կկողմնորոշվի սեփական ազգային շահերի, այլ ոչ թե ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ֆանտազիաների ուղղությամբ, որ շատ թանկ նստեցին»:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Դուք հասկացա՞ք՝ ինչպես է ձևավորվելու տարածաշրջանային անվտանգության համակարգ «3+1» (Անդրկովկաս + Ռուսաստան) բանաձևով, ես՝ ոչ: «3+1» բանաձևը նվազագույնը ֆիկցիա է, եթե հաշվի առնենք ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև ռուս-վրացական հարաբերությունները, ավելի ճիշտ՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը և ռուս-վրացական կոնֆլիկտը Աբխազիայի ու Օսիայի պատճառով: Չկա այդ բանաձևը: ՈՒ եթե նույնիսկ լիներ, ինչո՞ւ պիտի Ադրբեջանը համաձայներ հայտնվել Իրանի կազմում՝ նույնիսկ դաշնային պետության ձևաչափով: Առավել ևս, եթե Անկարան դադարի «կողմնորոշվել ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ֆանտազիաների ուղղությամբ», հազիվ թե դա անդրադառնա հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա՝ Վաշինգտոնը Անկարային երբեք չի «նշանակել» Բաքվի ավագ եղբայր՝ «երկու պետություն, մեկ ժողովուրդ» կարգախոսով:
Իրականում տարածաշրջանում կարող է ձևավորվել Իրան-Հայաստան-Վրաստան եռանկյունը, որին Մոսկվան ուզում է կցվել՝ չկորցնելու համար իր ներգործության քաղաքական ու տնտեսական լծակները, իսկ եթե չստացվի՝ սպառնում է Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռանկյունով՝ Իրանին թողնելով կողմնորոշվելու ընտրությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ